Նայի՜ր դիմացդ. ի՞նչ ես տեսնում...Դատարկությու՞ն, մեղադրված պատկերնե՞ր, մթնած դիմակնե՞ր, երեսնե՞ր, կորած քայլերի բացատրություննե՞ր, ընդհանրապես մթությու՞ն, կարո՞տ, թե՞ ցանկություն՝ ամեն ինչ նորից սկսելու...
Կանգնած ես քո տեղում ու սպասում ես որևէ այլ մարդու ժամանմանն ու քեզ օգնելուն, բայց ինքդ էլ չես հասկանում՝ ինչու՞ հենց դու, կամ ինչու՞ հենց քեզ պետք է օգնեն: Ընդհանրապես ուղեղդ աշխատեցրե՞լ ես, մտածե՞լ ես, թե Աստված ինչու՞ է հենց քեզ ընտրել այնպիսին, որ քեզ օգնեն, որ հասնեն, փրկեն, գոյությունդ ապահովեն ինչ-որ ձևով, այլ ոչ թե դու, ոչ թե դու ժպտալով հասնես մարդկանց մոտ, բռնես ձեռքերից ու ուղորդես ճիշտ ճանապարհով:
Շեղվի՜...
Մի մոռացի, որ դու մարդ ես ու դու քո ուղին ունես, բայց ուղին ընտրելուց առաջ մտածիր, որ միգուցե ինչ-որ մեկն արդեն կեղտոտել է այդ ճանապարհն իր յուրօրինակ քայլերով...Չմտածես՝ թույլ ես կամ ուրիշից փոքր, քիչ ուղեղով, ուղղակի հասկացիր, որ բացի արտաքին տեսքից, բացի հասակից կա նաև ուղեղի համար սահմանված հասակ, որը, ինչպես տեսնում եմ, մանկուց տհաս է մնացել ու այդպես էլ մեծացել ես՝ չհասկանալով, որ կորցրել ես արդեն ամեն-ամեն ինչ, որ քոնը չես ունեցել, չես դրել, կորցրած ապրել ես ու հանուն ու՞մ, հանուն ինչի՞...
Խաբվե՜լ ես...
Հանուն ու՞մ գեղեցիկ աչքերի են խամրել քո աչքերը, հանուն ու՞մ շուրթերից դուրս եկող գեղեցիկ շարադրված, բայց իրականում իրենցից ոչինչ չներկայացնող խոսքերին ես խաբվել, հանուն ու՞մ կյանքի ես կյանքդ ենթարկել գծերի անհամաչափությանը, ու՞մ պատվով ես ցանկացել պատիվդ ծածկել, ու՞մ հպարտությամբ քեզ հպարտություն գտել, ու՞մ մարդկության հաշվին մարդկություն քեզ հայթայթել...Այնքան կոտրված ես, որ քեզ հավաքելն ու սոսնձելն էլ չի օգնի...Կործանված ես, խաբված, մոլորված ու ու՞մ շնորհիվ...Մենակ չասես՝ կյանքի:
Կյանքն այն ամենն է, ինչը տրված է քեզ ապրելու համար, ոչ թե այն, որ դու թողնես ուրիշներին իրենց կեղտոտ կոշիկներով գան ու մտնեն քո կյանք, աղտոտեն, բացեն ամեն տեսակ դռները, պարագաներդ, որոնք դասավորել էիր հերթականությամբ, խառնեն ու գնան, ու դրանից նրա՞նք են տուժել...Ո՜չ, միայն դու, ես ուրախ եմ դրանում:
Գտի՜ր քեզ...
Կորցրել ես քեզ ուրիշի ափերի մեջ ու ուժ չունես, որ առանց որևէ մեկի ներկայության ու օգնության դուրս գաս այդտեղից: Ո՞վ էր մեղավոր քո թուլության համար, ո՞վ էր պարտավոր քեզ օգնել ու ձեռք մեկնել, երբ դու ինքդ երես էիր թեքել բոլորից ու քեզ պահում էիր անսանձ, անհասանելի ու անհաղթահարելի բարձրության վրա, այնպիսի մի տեղ, որտեղ, բացի քեզնից, ոչ մեկ չէր կարող լինել...Մոտեցիր մի պահ մոմի լույսին, նայի՛ր նրան ուշադիր ու պատկերացրու, որ քո կյանքն էլ մի օր այդ մոմի լույսի նման կհանգչի ու միայն քո մասունքը կմնա, ինչպես մոմինը...
Մոռացի՜ր այն մարդկանց, ովքեր խլել են ժպիտդ, արևդ, ում դերում ինչ-որ մեկին ես պատկերացրել, սիրտդ, հոգիդ...Հասկացի՛ր վերջապես, որ կյանքդ քոնն է, ոչ թե բեմ ուրիշների համար, որ ցանկացած ներկայացում տեղ է գտել...
Դրսում արև կա. դրանով բավարարվիր, ներսումդ սիրտ ու հոգի կա. քեզ մոտ պահիր, կյանքիդ դռները փակ պահիր ու ապրիր բոլորի նման...Ո՞վ քեզ կշեղի ու կկործանի. ոչ մեկ...)
Շեղվի՜, հիշի՜, որ դու դու՛ ես, ոչ թե ես կամ նա, ոչ թե նրանք ու մենք...Դու՝ դա քո ես-ն է ու քո սեփական պատկերացումները...Ապրի՛ր, բայց շեղվի՜ր հնից ու ստից. նո՛րդ կառուցիր...
|