Սովորական կրկնությունների շղթային ավելացրեցի ևս մեկ օղակ` գլորելով կյանքիս հերթական օրը: Ու արդեն սովորական կրկնվեց ամեն ինչ: Ինքս չեմ գտնում այս ամենի մեջ ինչ- որ արտասովորություն: Գուցե ձանձրույթի՞ց վերցրեցի հեռախոսս և ինքնաբերաբար ցանկացա լսել երաժշտությունը, որը գուցե հանդարտեցնի ինձ: Ստացվեց իրական թախծոտ երեկո` լի ամեն տեսակ <<ճոխություններով>>, որը կցանկանար մարդը այդ պահին: Մտածո՜ւ եմ երկար, արտահայտում մտքեր, որոնք ծանոթ են բոլորին, բայց չգիտեմ ` ինչո՞ ւ են ինձ առանձնահատուկ ցավեցնում :
Ապարդյուն մտքեր, ապարդյուն, թրջված աչքեր, ու ամեն ինչ ապարդյո՜ւն… Շատ երևույթներ կան, որոնց դեռ չեմ հարմարվել ու չեմ էլ փորձելու: Ցանկանում եմ, բայց չեմ կարող: Գուցե սխալ եմ վարվում, երբ առանց փորձելու հրաժարվում եմ, բայց էլ չունեմ ուժ ՝պարտվելու և կրկին կոտրվելու: Առանց դրա էլ ես ամբողջ հոգով սիրտս նվիրեցի, սակայն այն ինձ ետ վերադարձրին փշուր-փշուր եղած: Ու հոգնե՜լ եմ արդեն, այս կրկնություններից, որոնց բախվում եմ ամեն օր… Ու այսօր, երբ փոխել եմ աշխարհայացքս, մոտեցումս, շնորհակալ եմ կյանքին: Այն ստիպեց ինձ հասկանա՛լ, ընդունե՜լ, սովորե՛լ, դիմանա՛լ, պայքարե՛լ, հաղթահարե՛լ, գնա՛լ առաջ…
Ու ցանկացած րոպե դու պիտի պատրաստ լինես ինչ-որ մեկից ինչ-որ բան սովորելու:
Փորձելով ուժ գտնել՝ որոշում եմ… Գուցե մեծ դժվարությամբ, բայց թերթում եմ կյանքիս էջը՝ լի ցավերով ու տառապանքներով, ու միևնույն ժամանակ երջանիկ պահերով… Այսպիսին է եղել ապրածս այս էջը, որը արտասովոր էր մյուսներից: Թե՛ լավ, թե՛ վատ, մե՛կ է, այն արդեն հարազատ էր: Մարդկային հիմար սովորություն. կապվել քեզ ցավ պատճառող երևույթների հետ: Ու այս ամենը մի կողմի վրա թողնելով ՝ բացում եմ նոր ուղի, որով դեռ ինչքա՞ն պիտի քայլեմ, ինքս էլ չգիտեմ: Կփորձեմ ճանապարհս <<գեղեցկացնել>> չնայած՝ շուրջս չեմ նկատում դա…